«Ինտերը» հետաքրքրվում է «Չելսիի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուի ծառայություններով: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Միլանյան ակումբում Ժիրուին դիտարկում են իբրև Ռոմելու Լուկակուին փոխարինողի: Ավելի վաղ «Ինտերը» հետաքրքրություն էր ցուցաբերում «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի նկատմամբ, բայց այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ տրանսֆերի շուրջ:
33-ամյա ֆրանսիացին դեռ նախորդ մրցաշրջանից կորցրել է տեղը «Չելսիի» մեկնարկայում կազմում: Եվրոպա լիգայում նա դարձավ լավագույն ռմբարկուն, բայց Անգլիայի առաջնությունում «Չելսի» նրան հիմնականում որպես պահեստային խաղացող է օգտագործում: «Չելսիի» հետ Ժիրուի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ:
«Չելսիում» Ժիրուն հայտնվեց այն ժամանակ, երբ թիմը գլխավորում էր Անտոնիո Կոնտեն՝ «Ինտերի» ներկայիս մարզիչը: Հետաքրքրական է, որ այն ժամանակ «Չելսին» նույնպես ցանկանում էր ձեռք բերել Ջեկոյին, բայց արդյունքում պայմանագիր կնքեց Ժիրուի հետ: