Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլը։ E, F, G, H խմբերին ծանոթացանք երեկ (այստեղ), իսկ այսօր A, B, C, D կվարտետների հերթն է։
⚽ A խումբ
1․ «Լիվերպուլ» (Անգլիա)
2․ «Նապոլի» (Իտալիա)
3․ «Այաքս» (Նիդեռլանդներ)
4․ «Ռեյնջերս» (Շոտլանդիա)
«Լիվերպուլն» ու «Նապոլին» այս խմբի ֆավորիտներն են։ Կլոպի թիմը գնալով թափ է հավաքում, նեապոլիտանացիները ևս վատ տեսք չունեն, տպավորիչ էր նամանավանդ Խվիչայի մեկնարկը նոր մրցաշրջանում։ Իսկ ահա «Այաքսը» լուրջ կորուստներ ունեցավ այս ամառ․ թիմից հեռացան մի շարք առաջատարներ և նրանց համար այս պահին դժվար կլինի հավասար մրցակցություն ցուցաբերել վերը նշված ակումբների հետ։
Այնպես որ, ամստերդամցիներն, ամենայն հավանականությամբ, «Ռեյնջերսի» հետ կպայքարեն Եվրոպա լիգայի ուղեգիր տվող երրորդ տեղի համար։
⏳ 1-ին տուրի ժամանակացույցը
07․09/ 20։45 «Այաքս»-«Ռեյնջերս»
07․09/ 23։00 «Նապոլի»-«Լիվերպուլ»
⚽ B խումբ
1․ «Ատլետիկո» (Իսպանիա)
2․ «Բայեր» (Գերմանիա)
3․ «Պորտու» (Պորտուգալիա)
4․ «Բրյուգե» (Բելգիա)
«Ամենատարօրինակ» խումբն այս մրցաշրջանում։ Բացի «Բրյուգեից», մյուս թիմերը գրեթե հավասար հնարավորություն ունեն դուրս գալու խմբից, և ես նույնիսկ չեմ բացառում, որ բելգիական թիմը ևս կարող է խառնել այս եռյակի ծրագրերը։ Անկանխատեսելիության տեսանկյունից, այս կվարտետն իսկապես տարբերվում է մյուս խմբերից։
⏳ 1-ին տուրի ժամանակացույցը
07․09/ 23։00 «Բրյուգե»-«Բայեր»
07․09/ 23։00 «Ատլետիկո»-«Պորտու»
⚽ C խումբ
1․ «Բավարիա» (Գերմանիա)
2․ «Բարսելոնա» (Իսպանիա)
3․ «Ինտեր» (Իտալիա)
4․ «Վիկտորիա» (Չեխիա)
Խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կկայանա, այսպես ասած, «մահվան խմբում»․ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» սեփական հարկի տակ կընդունի մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Մյունխենի «Բավարիային»։ Այս խումբը թերևս ամենահետաքրքիրներից է ՉԼ-ի այս խաղարկությունում։ Ճակատագրի քմահաճույքով երեք ուժեղ ակումբներ հայտնվել են նույն խմբում՝ «Բավարիան», «Բարսելոնան» և «Ինտերը»․․․ և այս ամենի ֆոնին նայում ենք նախորդ խումբը և․․․ ինչևէ, ունենք այն՝ ինչ ունենք։ Այս ամենից երևի գոհ են միայն «Վիկտորիայի» ներկայացուցիչները․ նրանց երկրպագուներն ականատես կլինեն իրենց թիմի և եվրոպական գրանդների դիմակայությանը։ Ինչ վերաբերում է կանխատեսումներին․․․ դրանք պարզապես չկան։ Այս խմբում իրադարձություններն ամենաթեժն են լինելու։
⏳ 1-ին տուրի ժամանակացույցը
07․09/ 23։00 «Ինտեր»-«Բավարիա»
07․09/ 23։00 «Բարսելոնա»-«Վիկտորիա»
⚽ D խումբ
1․ «Տոտենհեմ» (Անգլիա)
2․ «Այնտրախտ» (Գերմանիա)
3․ «Մարսել» (Ֆրանիա)
4․ «Սպորտինգ» (Պորտուգալիա)
Այս խմբում ֆավորիտն առաջին հայացքից թվում է «Տոտենհեմը», իսկ ահա մյուս երեք ակումբներն, ըստ իս, գրեթե հավասար հնարավորություններ ունեն պայքարելու երկրորդ ուղեգրի համար։ Մի փոքր ավելի դժվար կլինի «Այնտրախտի» համար, քանի որ ակումբը վաղուց չի խաղացել նման մակարդակում։ Հիշեցնենք, որ գերմանական ակումբը ՉԼ-ի ուղեգիր է ստացել՝ հաղթելով Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում։
⏳ 1-ին տուրի ժամանակացույցը
07․09/ 20։45 «Այնտրախտ»-«Սպորտինգ»
07․09/ 23։00 «Տոտենհեմ»-«Մարսել»