Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» օգոստոսի 18-ին սեփական հարկի տակ ընդունեց Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին».
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Այս խաղի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․
«Մրցակիցը ուժեղ էր, գոհ եմ, որ կարողացանք փակել իրենց ուժեղ կողմերը, սակայն դժգոհ եմ, որ չօգտվեցինք նրանց թույլ կողմերից։
Դժգոհ եմ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստից, անունը չեմ տա։ Նա չօգնեց թիմին, ես դա կվերլուծեմ։
Երկրորդ խաղակեսում զգացվեց հոգնածություն, մեր խաղային տակտիկան շատ էներգատար է, նաև շատ շոգ էր։ Եթե գոլ խփեինք, այլ խաղ կընթանար։ Եղան չնախատեսված փոխարինումներ վնասվածքների պատճառով, դա ևս խանգարեց։
Ունենք մի քանի գծերում խնդիր։ Հրավիրել ենք ֆուտբոլիստ, որին շատ լավ եմ ճանաչում Ուկրաինայի առաջնությունից։ Հուսով եմ, նա կօգնի մեզ»,- ասաց Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք՝ «Շերիֆը» Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջել է Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային», իսկ «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ՝ երկու հանդիպումների արդյունքով (0:2, 0:5) զիջել է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։
Նշենք, որ երկու ակումբներն էլ իրենց երկրների ամենատիտղոսակիր ակումբներն են։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին, Մոլդովայում։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։