Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Հաղթողի տիտղոսը կվճռվի այսօր՝ վերջին՝ 11-րդ տուրի արդյունքներով: Այս պահի դրությամբ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները 17-ական միավորով կիսում են 1-2-րդ հորիզոնականները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Իսպանիայի հավաքականի հետ: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ալեքսեյ Շիրովի հետ, Հրանտ Մելքումյանը սևերով կմրցի Ֆրանցիսկո Վալյեխոյի, Մանուել Պետրոսյանը՝ Դավիդ Անտոն Գիխարոյի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանթոս Լատասայի հետ:
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով.
Չեմպիոնական պայքարը կծավալվի Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականների միջև: Ուզբեկստանի ընտրանին վերջին տուրում կմրցի Նիդերլանդների թիմի հետ՝ Անիշ Գիրիի գլխավորությամբ:
Հայաստանի կանանց հավաքականն էլ վերջին տուրում ուժերը կչափի Խորվաթիայի հետ: Հանդիպմանը հայտավորված են Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը:
Այս պահին Զավեն Անդրիասյանի թիմը 14 միավորով կիսում է 11-ից 21-րդ հորիզոնականները: