Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ առաջին միջազգային մրցաշարին մասնակցեց. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:
Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչն ArmSport-ի հետ զրույցում գնահատել է հունահռոմեական ոճի ըմբիշների մասնակցությունը, խոսել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ գոտեմարտեր չանցկացնելու պատճառի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին.
«Մեր մասնակցությունը նորմալ եմ գնահատում, թեև կարելի էր ավելի լավ արդյունքներ գրանցել: Կարապետ Չալյանն ու Շանթ Խաչատրյանը կարող էին նաև ոսկե մեդալը նվաճել: Սլավիկը մեկ գլուխ բարձր էր բոլորից, հաղթեց բոլոր գոտեմարտերում ու արժանիորեն նվաճեց մրցաշարի հաղթողի տիտղոսը: Մկրչտյան Ռուդիկն էլ բրոնզե մեդալակիր դարձավ: Աշխարհի առաջնությունից սա լավ փորձ էր տղաների համար»,- ասում է մարզիչը:
Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, որը նախապես հայտավորված էր մրցաշարի մասնակիցների թվում, մարզչի խոսքով՝ ուսի վնասվածքի պատճառով չի կարողացել գոտեմարտել.
«Արթուրն ուսի ցավ ուներ, որն այստեղ ավելի զգացնել տվեց իրեն: Լեհաստանի հավաքականի ֆիզիոթերապևտին կանչեցինք, նայեց, ասաց, որ ճիշտ կլինի ռիսկի չդիմենք: Բուժում է նշանակված, որը Հայաստանում կշարունակենք: Արթուրը միշտ էլ շարքի մեջ է: Հայաստանում հետազոտություններ կանցնի ու կհասկանանք՝ բուժման հետագա ընթացքն ինչպես պետք է կազմակերպենք»:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն, ինչպես հայտնի է, նախապատրաստվում է Սերբիայում սեպտեմբերի 10-ից 18-ը կայանալիք Աշխարհի առաջնությանը: ԱԱ-ից առաջ թիմն օգոստոսին երկու ուսումնամարզական հավաք է նախատեսում անցկացնել Հայաստանում:
Խոսելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու և ազգային թիմը գլխավորելու մասին՝ Բաբալարյանն ընդգծում է.
«Այո, երիտասարդների հավաքականում լավ արդյունքներ էինք գրանցում, բայց այս բոլոր տղաներն էլ ժամանակին իմ օրոք հանդես են եկել երիտասարդականում: Ինձ ծանոթ տղաներ են: Բոլորին լավ գիտեմ: Նույն թիմն է, ուղղակի տարիքն է փոխվել: Բոլոր տղաների հետ էլ 4-5 տարի աշխատել եմ, ինչը քիչ ժամանակ չէ»:
Մարզչի խոսքով, պատասխանատվությունը հավասարապես մեծ է թե՛ երիտասարդականում և թե՛ արդեն մեծահասակների թիմում. «Մարդն եթե ինքն իր հանդեպ պատասխանատվություն է զգում, ուրեմն պետք է նորմալ աշխատի: Ինքս իմ առջև առավելագույն խնդիրներն եմ դրել: Բայց սպասելիքների ու մեդալների մասին կանխատեսումներ անել երբեք չեմ սիրել: Մեր մարզաձևում ամեն ինչ այդքան էլ կայուն չէ: Ամեն դեպքում, պետք է լավ պատրաստվենք յուրաքանչյուր մրցաշարին և ձգտենք հասնել հաջողությունների: Տղաների տրամադրվածությունը լավ է, մարտական է: Բոլորը ձգտում են առավելագույնի հասնել Աշխարհի առաջնությունում: Մնում է՝ առաջիկա երկու ուսումնամարզական հավաքներն արդյունավետ անցկացնենք և լավագույնս պատրաստվենք ԱԱ-ին»:
Հիշեցնենք՝ Արմեն Բաբալարյանն այս պաշտոնում փոխարինել է ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանին, որը թիմը գլխավորում էր 2019 թվականից: