Նորվեգացի շախմատիստ, շախմատի Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը որոշել է հրաժարվել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար խաղից։
Նա պետք է աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպաներ 2023 թվականի սկզբին ռուս շախմատիստի հետ խաղում, սակայն այժմ որոշել է դուրս գալ պայքարից։
Այս մասին հաղորդվում է նրա հովանավորի կողմից հուլիսի 20-ին հրապարակված «The Magnus Effect» տեսահոլովակում։ Հարցազրույցներից մեկում Կարլսենը հայտարարել է, որ մոտիվացիա չունի աշխարհի առաջնության հերթական հանդիպումն անցկացնելու համար։
«Ես տեղեկացրել եմ իմ թիմին, ՖԻԴԵ-ին և Յանին, որ չեմ մասնակցելու առաջիկա երկար շախմատի աշխարհի գավաթի խաղին», — ասել է Կարլսենը:
Փոդքասթում նա չի բացառել, որ ավելի ուշ կարող է վերադառնալ դասական շախմատի Աշխարհի առաջնություն։ Նա նաև հասկացրել է, որ շարունակելու է շախմատ խաղալ, բայց ոչ Աշխարհի առաջնությունում։
Եթե Կարլսենը հրաժարվի խաղալ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար խաղում, ապա Յան Նեպոմնյաշչին տիտղոսի համար կմրցի չինացի Դին Լիժենի հետ։