«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին դուբլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 37-րդ տուրի «Ուոթֆորդի» դեմ արտագնա խաղում։ Հանդիպումը կայացել է մայիսի 15-ին եւ ավարտվել «աղվեսների» հաղթանակով՝ 5։1 հաշվով։
Վարդիի համար սա երկրորդ դուբլն է անընդմեջ. 36-րդ տուրի «Նորվիչի» հետ խաղում (3:0) նա նույնպես երկու գոլի հեղինակ է դարձել։ Այսպիսով, Ջեյմին, ով «Ուոթֆորդի» հետ հանդիպման ժամանակ 35 տարեկան 124 օրական էր, դարձավ 2-րդ ամենատարեց խաղացողը, ով դուբլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի երկու խաղերում անընդմեջ։
Ռեկորդը պատկանում է «Բոլթոնի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին։ 2004 թվականի մայիսին նա 36 տարեկան 60 օրական հասակում երկու անընդմեջ դուբլի հեղինակ դարձավ։
Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանում Վարդին անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Լեսթերը» 36 տուրից հետո ունի 48 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 9-րդ հորիզոնականը։