Այսօր՝ մայիսի 14–ին տեղի ունեցավ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կոնֆերանսը։ Շախմատի Ակադեմիայի հիմնադիր-նախագահ, ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը ամփոփեց ֆեդերացիայի վերջին 5 տարվա աշխատանքը։
«Վերջին 5 տարիների ընթացքում մենք ունեցել ենք ձեռքբերումներ։ Ունեցանք նաև որոշ բաղթողումներ, որոնք կապված են կորոնավիրուսային համավարկի հետ։ Այսօր մենք ունենք 7000-ից ավել պատանի շախմատիստներ։ Այս 5 տարվա ընթացքում մենք անցկացրեցինք 26 միջազգային մրցաշար։ Նաև 5 գիրք է հրապարակվել, որոնք օժանդակում են շախմատի զարգացմանը։
Այսօր շախմատի՝ կրթության ոլորտի մեջ ներգրավվածությամբ, Հայաստանը աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Մենք դեռ 2017 թվականից քննարկում էինք, որ Հայաստանում պետք է լինի գիտահետազոտական ինստիտուտ։ Այսօր ՖԻԴԵ-ի հանձնաժողովները շատ սերտ աշխատում են մեր գիտահետազոտական ինստիտուտի հետ»։
Ակադեմիայի հիմնադիր-նախագահը նաև նշեց, որ այս ընթացքում վերապատրաստվել է 3000-ից ավել ուսուցիչ։
«ՖԻԴԵ-ն առաջարկել էր, որ կրթական ծրագիր մշակենք, և այդ ծրագիրը կարողացանք իրականացնել․ մեր պատրաստած ծրագրով արդեն վերապատրաստվում են աշխարհի շատ ուսուցիչներ։ Կրթական համակարգում գիտահետազոտական ինստիտուտը ունեցել է մի շարք թեմաներ, որոնք ընդգրկվել են միջազգային շատ ամսագրերում։
5 տարիների ընթացքում մենք պատրաստել ենք 7 գրոսմայստեր։ Ունեցել ենք 9 միջազգային վարպետ, երկուական կին գրոսմայստեր և միջազգային վարպետ»,- ասաց Լպուտյանը։
Վերջինս կարևորում է նաև շախմատի դերը սոցիալական տարբեր հարթակներում։
«Քիչ աշխատանքներ և համագործակցություն ենք ունեցել լրատվական միջոցների հետ։ Պետք է ավելի ակտիվ աշխատել լրատվական ոլորտի հետ։ Կարելի է ավելացնել նաև մարզերում մեր ակտիվությունը, օրինակ՝ մարզիչների վերապատրաստման հարցում»,- նշեց Սմբատ Լպուտյանը։