Գլազգոյում կայացավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Ռեյնջերսը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 3։1 հաշվով հաղթեց «Բրագային»։
Հիմնական ժամանակում Ջեյմս Տավերնիերը երկու գոլ խփեց շոտլանդական թիմի կազմում։ Հյուրերի կազմում 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դավիդ Կարմոն՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ (առաջին հանդիպման արդյունքը 1:0 էր՝ հօգուտ պորտուգալական ակումբի)։ Լրացուցիչ ժամանակում դաշտի տերերի հաղթանակը և կիսաեզրափակիչի ուղեգիրը բերեց Կեմար Ռուֆի գոլը։
Կիսաեզրափակչում «Ռեյնջերսը» կհանդիպի «ՌԲ Լայպցիգի» հետ, որն ավելի վաղ հաղթահարել էր «Ատալանտայի» արգելքը։ Կիսաեզրափակչի մյուս զուգը կազմել են անգլիական «Վեսթ Հեմը» և գերմանական «Այնտրախտը», որոնք այսօր համապատասխանաբար հաղթեցին «Լիոնին» (3-0) և «Բարսելոնային» (3-2)։
Կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 5-ին։