«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Սևիլիային» հաղթելուց հետո (1:0), գնահատել է կատալոնացիների շանսերը Մադրիդի «Ռեալի» դեմ չեմպիոնության համար պայքարում։
«Շատ ուրախ եմ։ Մենք հավատում ենք մեր աշխատանքին, ջանքերին, անձնազոհությանը և թիմային աշխատանքին։ Մենք շատ լավ ենք աշխատում։ Մենք աշխատում ենք և առաջ շարժվում։ Դա արդյունք է տալիս. մենք լավ ընթացքի մեջ ենք, թերևս սա մրցաշրջանի մեր լավագույն հատվածն է:
Մենք գերիշխում էինք ուժեղ մրցակցի դեմ խաղում, ով լավագույն պաշտպանությունն ունի Լա Լիգայում։ Նրանք սուպեր թիմ ունեն, իսկ Լոպետեգին հիանալի մարզիչ է։ Գերազանց հանդիպում անցկացրեց «Սևիլիայի» դարպասապահ Բունուն։ Դա վեց միավորանոց հանդիպում էր, և մենք հայտնվեցինք երկրորդ տեղում: Ես գոհ եմ։
Ես սիրում եմ հաղթել. կարծում եմ՝ մենք արժանի ենք դրան։ Մենք հաղթեցինք և վայելեցինք հաղթանակը: Մթնոլորտն արտասովոր էր։ Քանի դեռ մաթեմատիկական հնարավորություն կա, մենք պայքարելու ենք։ Կփորձենք հաղթել բոլոր հանդիպումներում։ Դժվար է սպասել, որ «Ռեալն» այդքան հաճախ կսխալվի, բայց մենք կպայքարենք մինչև վերջ»,- մեջբերում է Չավիին Marca-ն։
«Բարսելոնան» 29 խաղում վաստակել է 57 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Սևիլիան» 30 խաղից հետո ևս ունի 57 միավոր և չորրորդ տեղում է․ նույնքան միավոր ունի նաև «Ատլետիկոն»։ Առաջատարը Մադրիդի «Ռեալն» է՝ 30 խաղում վաստակելով 69 միավոր։
























































