Vbet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Նորավանքը» 2-1 հաշվով հաղթեց «Արարատին» և դուրս եկավ եզրափակիչ։
Խաղից հետո իր տպավորությունների մասին կիսվեց Վայոց Ձորը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը՝ պատասխանելով նաև ArmSport-ի հարցերին։
-Պարոն Գևորգյան, առաջին կեսում 10 հոգով մնալուց հետո որոշակի վերադասավորումներ կատարեցիք թիմում։ Ինչքանո՞վ արդարացվեցին փոփոխությունները, և ինչքանո՞վ ստացվեց փակել մեկ խաղացող պակաս ունենալու բացը։
-Կարմիր քարտից հետո Արթուր Ավագյանին տեղափոխեցինք պաշտպանության ձախ թև, քանի որ Արթուրն այնտեղ խաղալու փորձ ունի, իսկ Էբերտը փակեց աջ պաշտպանի դիրքը։ Սկսեցինք ցածր բլոկով պաշտպանվել՝ ապավինելով հակագրոհներին։
Գիտեինք, որ «Արարատի» եզրային պաշտպանները տարբեր դրվագներով շատ բարձրից են խաղում, և փորձում էինք օգտագործել այդ հանգամանքը։ Արման Խաչատրյանի հեռացումից հետո գլխավոր փոփոխությունը մեր խաղում եղավ այն, որ դադարեցինք պրեսինգ կիրառել։
Առաջին կեսում վերադասավորումներն ամբողջովին արդարացրին սպասելիքները։ Երկրորդ կեսում արագ գոլ ընդունեցինք, սակայն մենք պատրաստ էինք նույնիսկ դրան։ Տակտիկապես, ֆիզիկապես և հոգեբանորեն մենք այսօր արժանի էինք հաղթանակի և կարողացանք գերազանցել մրցակցին։
Երկրորդ կեսի միջնամասում Արման Մկրտչյանը փոխարինեց Բաբու Չամին։ Իմ կարծիքով, այդ փոփոխությունը խաղի «մեխն» էր, քանի որ շատ լավ աշխատեց։
-Մրցակիցն իր գոլը խփեց հարձակման ձախ եզրից։ Սակայն, մինչ այդ պահը՝ առաջին կեսում ևս մի քանի դրվագ եղավ, երբ «Նորավանքի» պաշտպանության աջ եզրում խնդիրներ կային։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։
-Ճիշտ եք նկատել։ Առհասարակ, այսօր մենք մրցակցին զիջում էինք փորձով։ Մեր մոտ երիտասարդ ֆուտբոլիստները մի քիչ ավելի շատ են։ Նրանց մեծ մասը չէր խաղացել այսպիսի հանդիպումներում՝ կիսաեզրափակչի շրջանակում։
Արման Խաչատրյանը շատ լավ ֆուտբոլիստ է, պարզապես չկարողացավ այսօր հաղթահարել մեկնարկային լարվածությունը, ինչի արդյունքում ստացավ երկու դեղին քարտ։ Մեզ գոլ խփած հարձակվող Լեգբոն բավականին արագ ֆուտբոլիստ է և կարողանում է օգտագործել ազատ տարածությունները։ Կարծում եմ, դա էր գլխավոր պատճառը։
Կոնկրետ գոլի դրվագում մեր աջ պաշտպանը շատ մոտ էր կենտրոնական գոտում գտնվող խաղընկերոջը և չհասցրեց վերադառնալ աջ եզր։ Մրցակիցը ստացավ երկուսը մեկի դեմ առավելություն և կարողացավ գրավել դարպասը։ Դրանից հետո փոփոխություն կատարեցինք և լուծեցինք այդ խնդիրը։