Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը հայտարարել է, որ մտադիր է նոր կազմակերպություն ստեղծել՝ որպես այլընտրանքային տարբերակ շախմատի միջազգային ֆեդերացիային (FIDE): Ավելի վաղ ՖԻԴԵ-ն Կարյակինին 6 ամսով որակազրկել էր, ինչի պատճառով նա բաց կթողնի հավակնորդների մրցաշարը, որը կանցկացվի Մադրիդում 2022 թվականի ամռանը:
«Այս իրադարձություններից հետո ես հաստատապես որոշեցի, որ ընկերներիս, գործընկերներիս և համախոհներիս հետ կաշխատեմ մի նոր կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ, որն այլընտրանքային տարբերակ կլինի ՖԻԴԵ-ին: Այն, ինչ նրանք արեցին … նույնիսկ եթե հետո ներողությու խնդրեն, նույնիսկ եթե հետո ինձ կանչեն հավակնորդների մրցաշարին, ես միևնույն է կստեղծեմ իմ կառույցը: Հուսով եմ՝ ինձ կլսեն, ինձ կաջակցեն:
Մենք լավ, պրոֆեսիոնալ թիմ կստեղծենք, կաշխատենք մշտական հովանավորների հետ: Այն լավը, որ անում է ՖԻԴԵ-ն, խոսքս աշխարհի առաջնության, մրցաշարերի անցկացման մասին է, մենք կտեղափոխենք մեր կազմակերպություն՝ ավելի մեծ մրցանակային ֆոնդով: Կսպասենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան:
Այս գաղափարը երեկվանից է ծագել: Արդեն իսկ ոմանց հետ քննարկել եմ ու աջակցություն ստացել: Մարդիկ ասում են,որ կաջակցեն ինձ: Այնպես որ, ամեն ինչ չէ, որ կարելի է որոշել պարզապես վերևից հրաման տալով: Ինձ համար շատ կարևոր է, որ հասարակ մարդիկ էլ ինձ աջակցեն»,- ասել է Կարյակինը:
Մարտի 21-ին Սերգեյ Կարյակինը FIDE–ի էթիկայի հանձնաժողովի կողմից կես տարով որակազրկվել էր Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանն աջակցելու պատճառով: