«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, որ իր տունը թալանել են, երբ նա մասնակցել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպմանը (0-1)։ Այդ պահին տանը եղել են ֆուտբոլիստի երեխաները, ովքեր քնած են եղել։ Բարեբախտաբար նրանցից ոչ ոք չի տուժել։ Պոգբան պարգև է հայտարարել հանցագործներին գտնելու հարցում օգնելու համար։
«Անցած գիշեր իրականություն դարձավ մեր ամենասարսափելի մղձավանջը. մեր տունը թալանեցին, մինչ մեր փոքրիկները քնած էին իրենց սենյակում: Կողոպտիչները մեր տանը հինգ րոպեից էլ քիչ էին եղել, բայց այդ ընթացքում նրանք մեզնից գողացան ավելի թանկ բան, քան տան ցանկացած իր՝ մեր անվտանգության զգացումը:
Դա տեղի ունեցավ երեկվա հանդիպման վերջին րոպեներին. նրանք գիտեին, որ մենք տանը չենք լինելու։ Ես ու կինս վազեցինք տուն՝ չիմանալով, թե արդյոք մեր երեխաները ապահով են և առողջ։ Հոր համար ավելի վատ զգացում չկա, քան իր երեխաներին պաշտպանել չկարողանալը։ Ես անկեղծորեն հուսով եմ, որ ոչ ոք ստիպված չի լինի վերապրել այն, ինչ ես ապրեցի երեկ երեկոյան:
Այս կապակցությամբ ես պարգև եմ առաջարկում նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես օգնել մեզ։ Խնդրում ենք ցանկացած տեղեկություն ուղարկել [email protected] հասցեով»,- գրել է Պոգբան թվիթերում: