Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ամփոփել է աշխարհի Գավաթի խաղարկությունների երկու փուլերը, որոնցում ինքը երկու ոսկե մեդալ նվաճեց հենացատկում.
«Երկու մրցումներում էլ առաջին տեղը գրավեցի: Առաջին անգամ է, որ մրցումից մրցում թռանք, ու առաջին անգամ երկու տեղում էլ հաղթանակ տարա: Շատ ուրախ եմ:Կարելի է ասել՝ անթերի կատարեցի:
Կարևորը՝ մեր առջև դրված առաջադրանքը կատարենք: Մրցակցություն կար, գիտեինք՝ ում հետ է դժվար լինելու, բայց մեր մարզաձևում կարևոր է՝ դու քո վարժությունը լավ կատարես»,- ասել է Արթուր Դավթյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն էլ անդրադարձել է Դավթյանի գրանցած տարրին. «Արթուր Դավթյանի նոր տարրը կգրանցվի իր անունով, եթե Եգիպտոսի աշխարհի Գավաթի փուլին ևս կրկնի այն»: