ՈւԵՖԱ-ն երկուշաբթի որոշում է կայացրել խզել «Գազպրոմի» հետ համագործակցությունը բոլոր մրցաշարերում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Համագործակցությունը խզելու որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և վերաբերում է բոլոր պայմանավորվածություններին, ներառյալ Չեմպիոնների լիգային, ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ազգային մրցումներին և Եվրո 2024-ին:
«Գազպրոմը» Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավորն է 2012 թվականից։ Անցյալ տարի ընկերությունը նոր պայմանագիր է կնքել ՈւԵՖԱ-ի հետ մինչև 2024 թվականը։ «Գազպրոմը» ստացել է հովանավորչական իրավունքներ 2024 թվականի Եվրոպայի առաջնության, այդ մրցաշարի որակավորման փուլի և 2021 և 2023 թվականների Ազգերի լիգայի եզրափակիչ փուլերի համար։
ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն նաև համատեղ որոշում են կայացրել՝ Ուկրաինայում ռազմական հակամարտության ֆոնին ռուսական բոլոր թիմերին հեռացնել իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։