Ալբանացի մարզիկները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ նույն մրցաշարերին չեն մասնակցի։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ալբանիայի արտգործնախարար Օլտա Ջաչկան։
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը հունիսի 2-ին Ազգերի լիգայում պետք է հանդիպի Ալբանիայի ընտրանու հետ։ Պատասխան խաղը նախատեսված է հունիսի 13-ին և պետք է կայանար Ռուսաստանում։
Սակայն երեկ ՖԻՖԱ-ն որոշել է, որ Ռուսաստանի հավաքականը խաղալու է առանց դրոշի և օրհներգի, ինչպես նաև տնային հանդիպումները կանցկացնի չեզոք տարածքում։ Միաժամանակ ՖԻՖԱ-ն չի բացառել Ռուսաստանի հեռացումը բոլոր մրցաշարերից՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։
«Ալբանիան չի մասնակցի Ռուսաստանի Դաշնության հետ ոչ մի սպորտային մրցաշարի, քանի դեռ չի ավարտվել Ուկրաինայի օկուպացիան»,- Ջաչկայի խոսքերն է մեջբերում AP-ն։
Անգլիայի հավաքականը ևս չի խաղա Ռուսաստանի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հայտարարել է, որ երկրի ազգային հավաքականները «տեսանելի ապագայում» չեն խաղա ռուսների հետ․ «Ի համերաշխություն Ուկրաինայի հետ՝ FA-ն հաստատում է, որ մենք տեսանելի ապագայում չենք խաղալու Ռուսաստանի դեմ։ Սա ներառում է ցանկացած պոտենցիալ հանդիպում ցանկացած մակարդակում և ներառում է բոլոր տարիքային թիմերը»,- ասվում է հայտարարության մեջ:
























































