Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Չինաստանում հանդիպումների հեռարձակումը վերականգնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ այդ երկրում Իսպանիայի առաջնության ցուցադրությունը դադարեցվել էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունի մասին արված կատակից հետո։
«Մենք աշխատում ենք լուծում գտնելու ուղղությամբ։ «Ռեալի» հանդիպումները չեն հեռարձակվում Չինաստանում։ Կքննարկենք հովանավորչության հետ կապված որոշ հարցեր։ «Ռեալը» պետք է ինչ-որ բան անի, եթե ցանկանում է լուծել այս խնդիրը»,- Տեբասի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ավելի վաղ Մբապեն հայտարարել էր, որ իրեն ամենաշատը ծիծաղեցրել է այն մեմը, որում նա պատկերված էր չինացի բռնապետի կերպարով։ Դրանից հետո մի քանի չինական ընկերություններ դադարեցրին համագործակցությունը ֆուտբոլիստի հետ, իսկ երկրում Լա լիգայի խաղերի ցուցադրությունը կասեցվեց։ Հետագայում հարձակվողն ու մադրիդյան ակումբը ներողություն խնդրեցին, սակայն դա չազդեց իրավիճակի վրա։























































