Ավարտվեց շախմատի Երևան Օփեն միջազգային երրորդ մրցաշարը: Այս անգամ մասնակցում էր 300-ից ավելի մարզիկ՝ 13 երկրից: 9 տուր տևած ծանր պայքարի արդյունքում 3 շախմատիստ վաստակեց 7.5-ական միավոր: Վերջին տուրում Նարայանանն ու Պուրանիկ Աբհիմանյուն ոչ-ոքի խաղացին. վերջինս լրացուցիչ արդյունքներով դարձավ մրցաշարի հաղթող ու արժանացավ 2 միլիոն դրամի, երկրորդ տեղը գրավեց Ուկրաինայից՝ Վիտալի Սիվուկը՝ ստանալով 1 միլիոն 4 հարյուր հազար դրամ՝ վերջին տուրում պարտության մատնելով Գիգա Քուփարաձեին, իսկ պատվավոր երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արման Միքայելյանը՝ առավելության հասնելով Կարտիկ Վենկատարամանի նկատմամբ:
4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու մրցաշարը 5.5 միավորով ավարտեց կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Վերջին տուրում ցավալի պարտություն կրեց Դավիթ Շահինյանը՝ միավորը զիջելով Էրիգայիսի Արյունին: Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի խաղաց Գուկեշի, իսկ Հայկ Երիցյանը՝ Արաշ Դաղլիի հետ: Տիգրան Պետրոսյանը Երևան Օփենն ավարտեց 6 միավորով՝ 9-րդ տուրում հաղթելով Բաչանա Մորչիաշվիլիին:Հովիկ Հայրապետյանն էլ հաղթեց հնդիկ Բարաթ Սուբրամանիյամին ու բավարարվեց 9-րդ տեղով: Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցեց ու 200 հազար դրամ մրցանակի արժանացավ Հնդկաստանից Ագրավալ Վանդիկան, իսկ երկրորդ տեղը գրավեց ու 100 հազար դրամ մրցանակի ստացավ կրկին Հնդկաստանից՝
Վաիշալին: B խմբում վաստակած 8 միավորով լավագույնի կոչմանն արժանացավ Արամ Վարդանյանը: Մրցանակներ էին սահմանված նաև առանձին անվանակարգերում: