Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել էր ավստրիական ԼԱՍԿ-ին ու 0-3 հաշվով պարտություն կրեց։
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը կիսվել է հանդիպման մասին իր կարծիքով։
«ԼԱՍԿ-ը լավ թիմ է, լավ հանդիպում անցկացրեց, և ուժեղ էր թիմային խաղով այսօր։ Բայց մենք ևս լավ պահեր ունեինք։
Մինչև 60-րդ րոպեն բավականին լավ էինք խաղում և լավ մրցակցություն էինք ծավալել խաղադաշտում։ Եղավ երկրորդ գոլը, որից հետո ամեն ինչ փոխվեց։ Ցավալի պարտություն էր։
Գնդակը խլելուց հետո ԼԱՍԿ-ը միանգամից առաջ էր գնում, գրոհում էր, այդ իսկ պատճառով գնդակի կորուստը դաշտի միջին հատվածում շատ վտանգավոր էր։ Մի քանի անգամ մենք էլ շատ լավ գրոհներ ձեռնարկեցինք, որոնք սակայն լավ ընթացք չստացան։ Ամեն ինչ արդեն անցած է, պետք է կենտրոնանանք կիրակի օրվա խաղի վրա։
Պապիկյանը, Հովսեփյանը և Խուրցիձեն լավ հանդիպում անցկացրեցին։ Նրանք շատ լավ վերահսկում էին խաղը դաշտի կենտրոնում»,- ասել է Միլանովիչը։
A խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը 7-ական միավորով կիսում են «Մաքքաբիին» և ԼԱՍԿ-ը, ՀԻԿ-ը 3 միավորով երրորդն է, իսկ «Ալաշկերտը» միավոր առայժմ չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։