Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը հրաժարվել է խաղալ «Սան-Պաուլուի» կազմում, քանի դեռ իրեն չեն վճարել 2 մլն դոլարի չափով պարտքը։ Այս մասին հաղորդում է Ge.globo-ն՝ հղում անելով խաղացողի ներկայացուցիչներին։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ակումբը կրճատել է խաղացողների՝ այդ թվում և Ալվեշի աշխատավարձը։ Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այն ավելի ուշ կվճարվի։
Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերում Դանի Ալվեշը հայտարարել էր, որ «Սան-Պաուլուն» ուշացնում է պարտքի վճարումը։ Դրանից հետո խաղացողի ու ակումբի միջև հարաբերությունները վատացել էին։
Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսին բրազիլացի պաշտպանը պայմանագիր էր կնքել «Սան-Պաուլուի» հետ, համաձայն որի՝ Ալվեշի աշխատավարձն ամսական կազմում է 280 հազար դոլար։ 36-ամյա բրազիլացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի դեկտեմբեր։