Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանը ստանձնել է «Նորավանք» ՍԱ-ի ակադեմիայի տնօրենի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Բանանց» (Ուրարտու) ֆուտբոլային ակումբի, ինչպես նաև Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 հավաքականների մարզիչ Արթուր Ոսկանյանը ստանձնել է «Նորավանք» ՍԱ-ի ակադեմիայի տնօրենի պաշտոնը:
Արթուր Ոսկանյանը ղեկավարելու է ակադեմիայի ստեղծման գործընթացը։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում ակադեմիայի սաները մարզվելով ճիշտ մեթոդաբանությամբ ձեռք կբերեն հմտություններ, որը հնարավորություն կընձեռի նրանց խաղալ ակումբի գլխավոր թիմին»,-ասված է հայտարարությունում։
«Ամիսներ առաջ մենք հանդիպեցինք և նա ներկայացրեց ակադեմիայի իր ծրագիրը, մեթոդաբանությունն և նպատակներն ու մենք հավանության արժանացրինք այն։ Մեզ համար ամենակարևորն ակադեմիայի պատշաճ և ճիշտ հիմնումն է, որտեղ ակադեմիայի սաներն կմարզվեն ճիշտ ձևով և մեթոդաբանությամբ։ Հայաստանում չկա այդ նպատակներն իրականացնելու ավելի լավ մասնագետ, քան Արթուր Ոսկանյանն է, և մենք անհամբեր սպասում ենք նրա աշխատանքի մեկնարկին»,- «Նորավանք» ՍԱ-ի սպորտային տնօրեն Գարո Բալյանի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։