«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին գոհ չէ, որ իտալական ակումբը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ իր տրանսֆերի վերաբերյալ 30 մլն եվրոյի առաջարկը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբի կողմից առաջարկի մասին հայտնել է Կուլիբալիի գործակալը։ Անձամբ ֆուտբոլիստը դիտարկում է «Նապոլիից» հեռանալու տարբերակը, այդ իսկ պատճառով գոհ չի մնացել իտալական ակումբի ղեկավարության՝ ՄՅՈՒ-ի առաջարկը մերժելու որոշումից։ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հույս ունի ավելի մեծ գումար ստանալ պաշտպանի տրանսֆերից։
Կուլիբալին 2014 թվականից է հանդես գալիս «Նապոլիում»։ Մինչ այդ նա հանդես է եկել բելգիական «Գենկում» և ֆրանսիական «Մետցում»։ Նախորդ մրցաշրջանում Կուլիբալին Ա Սերիայի 26 հանդիպման է մասնակցել, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։