Հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է «Լիվերպուլի»՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը։
Հարցումն իրականացվել է մերսիսայդցիների պաշտոնական կայքում։ Բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ պաշտպան Նատանիել Ֆիլիպսը՝ երրորդ։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Ես շատ հպարտ եմ այս մրցանակով ու շատ շուտով նորից կտեսնեմ ձեզ»,- մեկնաբանել է իր մրցանակը Սալահը։
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Սալահը մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 28-ամյա հարձակվողն ընդամենը մեկ գոլով զիջեց «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին՝ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուների մրցավազքում։