«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, հայտնում է Téléfoot-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, 28-ամյա եգիպտացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ը։ Հաղորդվում է, որ անցած ամիս փարիզյան ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել Սալահի գործակալի հետ։ Հիշեցնենք՝ նրա գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սալահը մի քանի ամիս է՝ խնդիրներ ունի «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, ինչի պատճառով կարող է հեռանալ ակումբից։
Սալահը 2017 թվականից է հանդես գալիս մերսիսայդցիների կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ի 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։