Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացավ Գերմանիա – Արգենտինա ընկերական հանդիպումը։
Առաջին կեսից հետո Յոահիմ Լյովի թիմը հաղթում էր մրցակցին 2-0 հաշվով։ Բունդեսթիմի կազմում գոլերը հեղինակել էին Սերժ Գնաբրին և Կայ Հավերցը։
Երկրորդ կեսում «ալբիսելեստեն» հետ բերեց երկու գոլի տարբերությունը և ոչ-ոքի խաղաց Գերմանիայի ընտրանու հետ։ Արգենտինացիների կազմում 66-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Ալարիոն, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Լուկաս Օկամպոսը հանդիպման 85-րդ րոպեին։
Հավելենք, որ Գերմանիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած Սերժ Գնաբրին միանգամից երկու ռեկորդ է գրանցել այս խաղում։ Նախ նա Գերմանիայի հավաքականի առաջին ֆուտբոլիստն է վերջին 7 տարիների ընթացքում, ով 4 անընդմեջ խաղում գոլ է խփում։ Նաև Գնաբրին գերազանցել է Միրոսլավ Քլոզեի ռեկորդը։ Սերժին ընդամենը 11 խաղ պահանջվեց հավաքականում խփած 10 գնդակի սահմանը հատելու համար, մինչդեռ Քլոզեն 13 խաղում էր դա արել։