Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը կգլխավորի «Փյունիկը», ժամանել է Երևան:
Երևանյան ակումբի երկրպագուների Sector 18 ակումբի անդամները Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Բերեզովսկուն:
«Բերեզովսկին արդեն Հայաստանում է: Մաղթում ենք միայն հաղթանակներ»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:
Բերեզովսկին «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո: Այժմ հայկական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարն է Սուրեն Չախալյանը, որը վերջերս փոխարինել էր ռուս Ալեքսանդր Տարխանովին: Չախալյանն այլ պաշտոն կզբաղեցնի ակումբում:
Այս մրցաշրջանում Ռոման Բերեզովսկին աշխատում էր Հայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» մարզչական շտաբերում: Նոյեմբերի 20-ին նա նշանակվեց նաև «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար, սակայն դեկտեմբերի 8-ին ռուսական ակումբը հայտնեց Վլադիմիր Ֆեդոտովի նշանակման մասին: Բերեզովսկու գլխավորությամբ «Սոչին» Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց երկու խաղ՝ ոչ ոքի խաղալով «Ուֆայի» (1:1) և «Ռուբինի» (1:1) հետ։
Մինչև «Սոչիին» միանալը Ռոման Բերեզովսկին 2015-2019-ն աշխատել է Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբում: