Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Ուշագրավ է, որ 51-ամյա մասնագետը, գլխավորելով թիմը, կպահպանի նաև դարպասապահների մարզչի իր պաշտոնը, որն զբաղեցնում էր ընթացիկ տարվա հունիսից:
Նոր մրցաշրջանից առաջ կոստրոմյան ակումբում անսպասելի մարզչական փոփոխություններ են տեղի ունեցել: Հուլիսի 10-ին «Սպարտակը» պաշտոնանկ էր արել Ռինատ Բիլյալետդինովին, ում մարզչական շտաբում էլ ընդգրկված էր Բերեզովսկին: Բիլյալետդինովը թիմը գլխավորել էր ընդամենը 46 օր և հեռացվեց՝ այդպես էլ ոչ մի պաշտոնական հանդիպում չանցկացնելով ակումբի ղեկին։
Այսպիսով, Pari Առաջին լիգայի 2026/2027 մրցաշրջանը Կոստրոմայի թիմը կսկսի հայ մասնագետի գլխավորությամբ։ Արդեն կիրակի՝ հուլիսի 12-ին, Բերեզովսկու սաներն առաջին տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունեն Նաբերեժնիե Չելնիի «ԿԱՄԱԶ»-ին։
Որպես ֆուտբոլիստ՝ Բերեզովսկին հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, այդ թվում՝ Մոսկվայի «Դինամոյում», «Տորպեդոյում», «Խիմկիում» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», որի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր:



























































