«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել՝ գիշերային ակումբում կայացած ամանորյա խնջույքից վերադառնալիս: Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի Fiat 500 Abarth մեքենան հունվարի 1-ի լուսադեմին՝ 05:00-ին, բախվել է հացաբուլկեղենի խանութի դարպասներին: Մեքենան վարելիս է եղել 29-ամյա ֆուտբոլիստի ընկերը, որը չի կարողացել կառավարել ղեկը:
Բալոտելին ու իր ընկերը չեն տուժել, մինչդեռ ավտոմեքենան լրջորեն վնասվել է: Վթարից հետո ֆուտբոլիստը թողել է մեքենան ու ոտքով ուղևորվել տուն: Ավելի ուշ նրա Fiat-ը տարհանել են:
Բալոտելին անցած ամառ ազատ խաղացողի կարգավիճակով է տեղափոխվել «Բրեշիա»: Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբային մակարդակում 12 խաղի է մասնակցել և դարձել է 4 գոլի հեղինակ: