Չինական PPTV սթրիմինգային ծառայությունն ուղիղ եթերում ցուցադրել է ԱՊԼ-ի 19-ր տուրի՝ «Բորնմութ»-«Արսենալ» հանդիպումը (1:1), բայց մեկնաբանները հեռարձակման ընթացքում ոչ մի անգամ չեն հիշատակել լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Մեսութ Օզիլի անունը, հայտնում է The Sun-ը:
Թիմերի մեկնարկային կազմերը հայտարարելիս, չինացի մեկնաբանները նշել են «զինագործների» բոլոր ֆուտբոլիստներին, բացի՝ Օզիլից: Ամբողջ խաղի ընթացքում նրանք ոչ մի անգամ չեն տվել գերմանացի ֆուտբոլիստի անունը: Մեկնաբանները Մեսութի մասին չեն խոսել նույնիսկ երբ 75-րդ րոպեին նա լքել է դաշտը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի կեսերին Օզիլը սոցիալական կայքի իր էջերում քննադատել էր Չինաստանի իշխանություններին երկրի արևմուտքում բնակվող թրքալեզու ույղուրների հանդեպ կիրառվող ճնշումների համար:
Ավելի ուշ «Արսենալը» հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ կիսապաշտպանն իր անձնական տեսակետն է հայտնել: Մեսութի գրառման պատճառով չինական հեռուստաընկերությունները հրաժարվեցին ցուցադրել ԱՊԼ-ի 17-րդ տուրի՝ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը (0:3):