Գերմանական Բունդեսլիգայի երեք ֆուտբոլիստներ տեղ են գտել «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների վարկանիշային աղյուսակի առաջին քառյակում՝ ներքին առաջնությունների այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակում:
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ստանձնել է առաջատարի դերը՝ դուբլ ձևակերպելով շաբաթ օրը կայացած «Ֆորտունայի» դեմ խաղում: Լևան 29 գոլ ունի իր ակտիվում և 2 գնդակով գերազանցում է Չիրո Իմոբիլեին, ով երկրորդ տեղում է այս վարկանիշում: Երրորդ տեղում է «ՌԲ Լայպցիգի» ռմբարկուն՝ Տիմո Վերները, իր ակտիվում ունենալով 25 գոլ: Նրնա հետևում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը:
Բունդեսլիգայի խաղացողների գերիշխանությունը վարկանիշային աղյուսակի վերնամասում մասամբ կարելի է բացատրել այն փաստով, որ Գերմանիայի առաջնությունը մրցաշրջանը վերսկսած ազգային 5 լավագույն լիգերից առաջինն է: Միևնույն ժամանակ, ֆրանսիական Լիգա 1-ում մրցաշրջանն արդեն ավարտվել է:
«Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների ներկայիս ցուցակը հետևյալն է.
- Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», 29 գոլ × 2.0 = 58 միավոր);
- Չիրո Իմոբիլե («Լացիո», 27 × 2.0 = 54);
- Տիմո Վերներ («ՌԲ Լայպցիգ» , 25 × 2.0 = 50);
- Էրլինգ Հոլանդ ( «ՌԲ Զալցբուրգ» /«Բորուսիա» — 16 × 1,5 + 10 × 2.0 = 44);
- Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», 21 × 2.0 = 42);
- Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 19 × 2.0 = 38);
- Ջեյմի Վարդի ( «Լեսթեր» , 19 × 2.0 = 38);
- Կիլիան Մբապե (ՊՍԺ, 18 × 2.0 = 36);
- Վիսամ Բեն-Յեդեր («Մոնակո», 18 × 2.0 = 36);
- Ռոմելու Լուկակու ( «Ինտեր» , 17 × 2.0 = 34)
Վարկանիշում միավոր վաստակելու համակարգը իրականացվում է հետևյալ բանաձևի համաձայն. խփած գոլերի քանակը բազմապատկվում է առաջնության ներուժին համապատասխան գործակիցով: Ամենաբարձր ցուցանիշներն ունեն Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնությունները ՝ 2․0: Իսկ օրինակ Ավստրիայի առաջնությունն ունի 1,5 գործակից, այդ իսկ պատճառով Հոլանդը մրցաշրջանի առաջին հատվածում «ՌԲ Զալցբուրգի» կազմում խփած 16 գոլերի համար ստացել է 24 միավոր (16 x 1,5):