«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ծանր է տարել Ա Սերիայի 21-րդ տուրում «Կալյարի» հետ հաղթանակը բաց թողնելը (1:1): Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք՝ հանդիպման ավելացված ժամանակում դաշտից հեռացվել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, իսկ 1 րոպե անց կարմիր քարտ է ստացել պահեստային դարպասապահ Թոմաս Բերնին: Դրանից հետո Կոնտեն դաշտ է ներխուժել ու լեզվակռիվ ունեցել հանդիպման գլխավոր մրցավարի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ, Կոնտեն չի մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին, քանի որ տախիկարդիայի պատճառով դիմել է «Ինտերի» բժշկական շտաբին: 50-ամյա մասնագետի սրտի կծկումների հաճախականությունը գերազանցել է 100 զարկը:
«Ինտերը», վաստակելով 48 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Կալյարին» 31 միավորով 6-րդ տեղում է: