Դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովին ընդառաջ «Նոա» ՖԱ-ն հայտարարություն է տարածել.
««Նոա» ՖԱ-ն հայտնում է իր լիակատար աջակցությունը ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթացի վերաբերյալ մի շարք ակումբների կողմից արված հայտարարությանը։
Մենք ևս համարում ենք, որ այսօր Հայաստանի ֆուտբոլային համայքին ընձեռվել է ի շահ հայկական ֆուտբոլի գործող իրապես անկախ, այսօր այդքան անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամ և ունակ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ղեկավար կառույց ձևավորելու բացառիկ հնարավորություն, որը բաց թողնելու իրավունք պարզապես չունենք:
ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրություններից առաջ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և սկսել առողջացման գործընթացը: Հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը պետք է մասնակցեն բացառապես ՀՖՖ կանոնադրության պահանջներին լիովին համապատասխանող, ակտիվ ֆուտբոլային գործունեություն ծավալող և ֆուտբոլային հանրության կողմից ընդունված անձինք և կազմակերպությունները։
Նման գործընթացը միայն կարող է ապահովել արդար, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։
Մեր խորհին համոզմամբ՝ վստահության վերականգնումը առաջընթացի և հայկական ֆուտբոլում իրական բարեփոխումների գրավականն է»,- գրված է հայտարարությունում։
Ավելի վաղ, միասնական հայտարարությամբ էին հանդես եկել «Արարատ», «Փյունիկ» և «Շիրակ» ակումբները, կոչերին միացել էր նաև «Ուրարտուն»: