Պերուի Գավաթի քառորդ եզրափակչի՝ «Դեպորտիվո Գարսիլասո» և «Դեպորտիվո Լյակուաբամբա» թիմերի միջև պատասխան խաղն ավարտվել է ոստիկանության մանսակցությամբ միջադեպով:
Հանդիպման երկրորդ կեսում, երբ հաշիվը եղել է 1:1, երկրպագուները, դժգոհ լինելով մրցավարի աշխատանքից, նետվել են խաղադաշտ: Նրանցից մեկը վազել է գլխավոր մրցավարի մոտ ու գնդակով հարվածել նրա գլխին, ինչից հետո քաշքշուկ է սկսվել, որին մասնակցել են ինչպես երկրպագուները, այնպես էլ ֆուտբոլիստներն ու մարզիչները:
Ստիպված խաղադաշտ են դուրս եկել ոստիկանության աշխատակիցներն, ովքեր շրջափակել են մրցավարին ու պաշտպանել նրան:
Ավելի ուշ, երբ հյուրընկալվող թիմը ցանկացել է լքել մարզադաշտն իր ավտոբուսով, պարզվել է՝ մոտակայքում ֆուտբոլիստներին սպասելիս են եղել բարկացած երկրպագուները: Խաղացողները ստիպված են եղել հետևել ոստիկանության հրահանգներին ու տարածքը լքել բեռնատար մեքենայով, որով մինչ այդ տեղափոխել են ձիերի:
Քանի որ առաջին խաղն ավարտվել է «Դեպորտիվո Լյակուաբամբայի»՝ 2:0 հաշվով հաղթանակով, հենց այս թիմն էլ դուրս է եկել կիսաեզրափակիչ: