«Լիոնը» 5-րդ անգամ անընդմեջ հաղթեց կանանց Չեմպիոնների Լիգայի մրցաշարում: Սան Սեբաստիանում Ֆրանսիայի չեմպիոնը հաղթեց գերմանական «Վոլֆսբուրգին» 3-1 հաշվով:
Գործող չեմպիոնը խաղում էր առանց մի շարք առաջատար ֆուտբոլիստների: 25-րդ րոպեին Դելֆին Կասկարինոյի փոխանցումից հետո հաշիվը բացեց Լե Սոմեն: Լե Սոմեի համար սա երրորդ արդյունավետ եզրափակիչն էր իր կարիերայում: Ընդմիջումից անմիջապես առաջ Կասկարինոն փոխանցում կատարեց Ամել Մաջրիին, վերջինս էլ այն հասցեագրեց Սակի Կումագայիին, ով էլ կրկնապատկեց «Լիոնի» առավելությունը:
Երկրորդ խաղակեսում «Վոլֆսբուրգը» հետ բերեց մեկ գնդակ. Ֆրեդոլինա Ռոլֆի փոխանցումից հետո Ալեքսանդրա Պոպպը գրավեց դարպասը: Սակայն վերջին խոսքն ասացին ֆրանսուհիները: Հանդիպամն վերջակետը դրեց Սառա-Բյորկ Գունարսդոտտիրը, ով նախորդ ամիս հենց «Վոլֆսբուրգից» էր տեղափոխվել «Լիոն»: