«Արարատ-Արմենիայի» հետ խաղից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է խաղի, թիմի մարզավիճակի ու ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մասին․
«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Նման խաղերն են, որ թիմին պահում են խաղային տոնուսի մեջ։ Մեր հաջորդը խաղը սեպտեմբերի 13-ին է «Ալաշկերտի» հետ, մինչ այդ խաղը մենք նման մակարդակի մրցակից չենք ունենալու։ Հենց նման խաղերում է, որ երևում է թիմի ներուժը, ուժեղ և թույլ կողմերը։ Տեսանելի են դառնում նաև այն մանրուքները, որոնք շատ կարևոր են»։
ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Այսօր գործեցինք նոր սխեմայով։ Առաջին խաղակեսում այն շատ հաջողված էր։ Ես գոհ եմ առաջին կեսից։ Մենք «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ունեինք շոշափելի առավելություն, ինձ դուր եկավ մեր կիրառած պրեսինգի որակը, թե ինչպիսի արագ գրոհներ էինք կազմակերպում նաև կարճ փոխանցումներով։ Երկրորդ կեսում այն երիտասարդները, որոնք մտան խաղադաշտ արդարացրին սպասելիքները, խոսքը Դավիթ Պապիկյանի, Գևորգ Տարախչյանի և Տիգրան Այունցի մասին է։ Երկրորդ կեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց խաղադաշտում»։
ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Լավ է, որ մեր երկու դարպասապահներն էլ հրավիրվել են ազգային հավաքական։ Նրանք մեծ ծավալի աշխատանք են իրականացրել դարպասապահների մարզչի ու թիմի հետ։ Ազգային հավաքականը դա էմոցիաներ է, յուրահատուկ մթնոլորտ։ Ես կարծում եմ, որ նրանք հավաքականից կվերադառնան ավելի մեծ շարժառիթով։ Ափսոս, որ միայն դարպասապահներն են հրավիրել։ Ես կարծում եմ, որ մենք նվազագույնը երկու ֆուտբոլիստ ունենք, որոնք նույնպես պետք է հրավիրվեն ազգային ընտրանի, բայց կարծում եմ, որ դա ժամանակի հարց է»։