Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-ից 2018 թվականների ընթացքում կնքվել են ծառայությունների մատցուման պայմանագրեր, արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է 120․7 մլն դրամ, հայտնում են ոստիկանությունից։
2002-2018 թվականներին ՀՖՖ նախագահը Ռուբեն Հայրապետյանն է եղել։
Ոստիկանությունից հայտնում են, որ կազմվել են կատարողական ակտեր, որոնց մեջ ներառվել են մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։
Ըստ պայմանագրի՝ սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար ընկերությանը փոխանցվել է 178․8 մլն դրամից ավելի գումար, սակայն ծառայությունները մատուցվել են թերի, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես չեն մատուցվել։
Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։