Ազգային ասոցիացիաները սերտորեն աշխատելու են եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի հետ՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ֆուտբոլում ի հայտ եկած խնդիրներին լուծում տալու նպատակով:
ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր առցանց կապ է հաստատել ՀՖՖ գործկոմի անդամների հետ՝ ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքները: ՀՖՖ նախագահը Գործկոմի անդամներին տեղեկացրել է, որ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշումը, մինչև ս.թ. ապրիլի 14-ը դադարեցվել են Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մյուս մրցաշարերը, ինչպես նաև ՀՖՖ ենթակայության տակ գտնվող բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը:
ՀՖՖ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գալիք 2 շաբաթների ընթացքում կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ում ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ ազգային առաջնության հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար: Որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով ոչ միայն աշխատանքային խմբի քննարկումները, այլև նաև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում և ՀՀ կառավարության որոշումները:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն այսօր տեղեկացրել է, որ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ՈՒԵՖԱ-ն հետաձգում է իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, ինչպես նաև տեղափոխում է ԵՎՐՈ-2020-ի անցկացումը 2021թ.:
ՈՒԵՖԱ-ի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մինչև մարտի 31-ը կքննարկի ակումբային մրցաշարերի անցկացման ժամկետները և ձևաչափը:
Առցանց հանդիպմանը մասնակցել է նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: