Երևանում փորձել են քանդել դեռևս 1935 թվականից գործող «Սպարտակ» մարզահամալիրը, որը տեղակայված է Ագաթանգեղոսի 6 հասցեում: Այս մասին հայտնի է դարձել ArmSport.am-ին: Մարզահամալիրը գտնվում է պետական ֆինանսավորում ունեցող «Հայաստան» մարզական կազմակերպություն ՀԿ-ի ենթակայության տակ:
Մեր տեղեկություններով՝ համալիրի քանդման գործընթացի մասին տեղեկացել և ապօրինի գործողությունը կանխել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:
Տեղեկություններ ստանալու նպատակով ArmSport.am-ը կապ հաստատեց փոխնախարարի հետ, որը չհերքեց լուրի իսկությունը: Լոռեցյանի խոսքով՝ այս պահին նախարարությունը «Հայաստան» մարզական կազմակերպություն ՀԿ-ի հետ քննարկումների մեջ է, փորձում է պարզել տեղի ունեցածի պատճառները: ՀԿ-ից տարբեր հիմնավորումներ են ներկայացրել նախարարությանը, որոնք այժմ ուսումնասիրման փուլում են:

«Այո, ես դադարեցրել եմ մարզահամալիրի քանդման գործընթացը, քանի որ դրա համար օրինական հիմք չկա, որևէ թույլտվություն չի եղել: Մենք չենք կարող թույլ տալ ապօրինի գործընթացներ», — մեզ հետ զրույցում նշեց փոխնախարարը:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք մարզահամալիրի տարածքը տրամադրել սպորտային գործունեություն ծավալող շահառուի, օրինակ՝ Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիային, Լոռեցյանը նշեց, որ տարածքի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրություն կա, սակայն որևէ նման խոսակցություն առայժմ չկա և ինքը որևէ հստակ բան ասել չի կարող: