«Այսօր Գևի գործով հերթական դատական նիստն էր․․․ դատարանը հերթական անգամ մերժեց գրավի դիմաց Գևորգ Լոռեցյանին ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի ընկերը՝ Ռոբերտ Մարկոսյանը:
2018-ի հոկտեմբերից պաշտոնավարած Գևորգ Լոռեցյանը, հիշեցնենք, մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու մեջ։ Փոխնախարար Լոռեցյանին սպասարկող վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ Հրաչիկ Քանանյանը՝ կաշառք տալու մեջ։
«Դատարանը հերթական անգամ մերժեց գրավի դիմաց Գևորգ Լոռեցյանին ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը (այն դեպքում որ գործով անցնող մյուս երկու անձիք՝ ենթադրյալ կաշառք տվողն ու ենթադրյալ կաշառք վերցնողն արդեն տևական ժամանակ է ազատության մեջ են)։
Հերթական անգամ Գևորգին զրկեցին ազատության մեջ գտնվելու հնարավորությունից։
Հարգելիներս, մինչև ե՞րբ եք ձգելու էս խեղկատակությունը։ Մինչև ե՞րբ եք փրփուռներից կախվելով պահելու Գևորգին անազատության մեջ»,- գրել է Մարկոսյանը:
Նա նաև հայտնում է, որ դատական հաջորդ նիստը նախատեսված է դեկտեմբերի 8-ին:
«Կլրանա 2-րդ տարին ինչ Գևորգ Լոռեցյանը գտնվում է անազատության մեջ»:
Նշենք՝ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Լոռեցյանը նշում է ծննդյան տարեդարձը: