Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Go.FM 96.3 ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՖՖ ղեկավարության առաջիկա փոփոխությանը և ազգային թիմում իր հետագա աշխատանքին։
Մասնագետը հայտնել է, որ իր պայմանագիրը կնքված է «1+1» սկզբունքով և ուժի մեջ է ևս մեկ տարի։ Մելիքյանի խոսքով՝ պայմանագրի ավարտից հետո համագործակցության շարունակությունը կախված է լինելու ֆեդերացիայի նոր ղեկավարության դիրքորոշումից։
«Կգա նոր նախագահ, մեկ տարի անց պայմանագիրս կավարտվի, և կքննարկենք․ եթե նախագահն ու գործկոմը ցանկանան շարունակել, կշարունակենք, եթե ոչ՝ ոչ»,- նշել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 2025 թվականի օգոստոսի 6-ին։ ՀՖՖ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026 թվականի նոյեմբեր։
Նոյեմբերի 12-ին՝ Կիպրոսի դեմ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ, Մելիքյանը վստահեցրել էր, որ պայմանագրի հետ կապված որևէ խնդիր չկա՝ ընդգծելով երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածության մասին։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 22-ին, «ИнсайдЯН» Telegram-ալիքը տեղեկություն էր տարածել, թե մարզչի պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով, ինչը, սակայն, ՀՖՖ-ի կողմից պաշտոնապես չէր հաստատվել։




























































