ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Դեզիրե Դուեն մեկ օրվա ընթացքում բախվել է երկու ծանր փորձության։ «Նիսի» դեմ արտագնա խաղում ստացած ծանր վնասվածքից ժամեր անց՝ նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը, անհայտ անձինք փորձել են թալանել ֆուտբոլիստի տունը։
Ֆրանսիական Le Parisien-ի և AFP-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Իվելին դեպարտամենտի Օրժվալ համայնքում, երբ Դուեն Նիսում մասնակցում էր ՊՍԺ-ի հանդիպմանը։ Նախ մոտավորապես 21:15-ին ֆուտբոլիստի տան մոտ է հայտնվել երեք անձ, որոնց նպատակը, ըստ աղբյուրների, լուսանկարներ անելն է եղել։ Մոտ մեկ ժամ անց չորս հոգի (որոնցից մի քանիսը եղել են առաջին խմբի կազմում) դարպասի վրայով բարձրանալով փորձել են ներխուժել տարածք։
Հանցագործների ծրագիրը ձախողել է ֆուտբոլիստի ընկերուհին․ նկատելով, որ տունը դատարկ չէ՝ ներխուժողները դիմել են փախուստի՝ հեռանալով տան հետևի հատվածով։ Արտագնա խաղից տուն վերադարձած Դուեն այնտեղ արդեն հայտնաբերել է իրավապահներին։ Բարեբախտաբար, տուն ներխուժելու, գույքին վնաս հասցնելու կամ տուժածների դեպքեր չեն գրանցվել։ Միջադեպից հետո ՊՍԺ-ն խստացրել է հարձակվողի տան անվտանգության վերահսկողությունը։
Հիշեցնենք, որ այս դեպքից ընդամենը մի քանի ժամ առաջ Դուեն մասնակցել էր «Նիսի» դեմ հանդիպմանը, որում փարիզցիները հաղթել էին 3:2 հաշվով։ Երիտասարդ հարձակվողը դարձել էր գոլի հեղինակ, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում ծանր վնասվածք էր ստացել և դաշտից հեռացվել պատգարակով։ Նոյեմբերի 22-ին ՊՍԺ-ն պաշտոնապես հաստատել է, որ Դուեի մոտ ախտորոշվել է աջ ծնկի առաջային խաչաձև կապանի պատռվածք․ նա կվիրահատվի մինչև նոյեմբերի վերջը։ Սա լուրջ հարված է փարիզյան ակումբի համար, քանի որ նույն վնասվածքի պատճառով շարքից դուրս է նաև Խվիչա Կվարացխելիան։
Նշենք նաև, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստների տները պարբերաբար հայտնվում են կողոպտիչների թիրախում․ նախկինում նման միջադեպեր գրանցվել են նաև Մարկինյոսի, Մաուրո Իկարդիի, Սերխիո Ռիկոյի և Ջանլուիջի Դոնարումայի հետ։
Հավելենք, որ ՊՍԺ-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայում․ նոյեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին, փարիզցիները սեփական հարկի տակ կընդունեն «Ռոմային»։ Դուեն, բնականաբար, չի մասնակցի այդ խաղին։



























































