Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Ինչպես տեղեկացնում է «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը, 34-ամյա դարպասապահի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Կողմերը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել են նախորդ պայմանագիրը, որն ավարտվում էր 2027-ի ամռանը։
Կուրտուան մադրիդյան գրանդին միացել է 2018 թվականին՝ Լոնդոնի «Չելսիից»։
Անցած տարիների ընթացքում նա «սերուցքայինների» կազմում անցկացրել է 348 հանդիպում և նվաճել 14 տիտղոս՝ 2 Չեմպիոնների լիգա, 3 Իսպանիայի առաջնություն, 3 Աշխարհի ակումբային առաջնություն, 2 ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, 1 Իսպանիայի գավաթ և 3 Իսպանիայի Սուպերգավաթ։
Բելգիացու մադրիդյան կարիերայի ամենավառ էջերից է 2022 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, երբ «Ռեալը» նվազագույն հաշվով (1:0) առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ, իսկ մի շարք վճռորոշ սեյվեր կատարած Կուրտուան ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։
Նրա անհատական մրցանակների հավաքածուում են ԱԱ-2018-ի «Ոսկե ձեռնոցը», նույն տարվա FIFA The Best-ի լավագույն դարպասապահի կոչումը և 2022 թվականի Լև Յաշինի անվան մրցանակը։ Բելգիայի ազգային հավաքականի կազմում Կուրտուան մասնակցել է 115 հանդիպման։
Հավելենք, որ մադրիդյան ակումբը վերջին օրերին ակտիվորեն զբաղվում է կազմի կորիզը պահպանելով․ մինչև 2032 թվականը նոր պայմանագրեր են կնքվել Արդա Գյուլերի և Օրելյեն Չուամենիի հետ, իսկ Ջուդ Բելինգհեմի հետ համաձայնագիրը երկարաձգելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։



























































