Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուիշ Ֆիգուն բարձր է գնահատել Յան Դիոմանդեի ելույթները՝ առանձնացնելով այն կարևորագույն որակը, որով իվուարցի ֆուտբոլիստը շահել է մադրիդյան ակումբի երկրպագուների համակրանքը։
«Նա աստիճանաբար հարմարվել է այնպիսի պահանջկոտ ակումբին, ինչպիսին «Ռեալն» է, և լիարժեք օգտվել է իրեն ընձեռված հնարավորությունից։ Այժմ նա ավելի հաճախ է խաղում և ակնհայտ սրություն է հաղորդում թիմի գրոհներին։ Գուցե առաջին հայացքից նա ամենատեխնիկապես նուրբ ֆուտբոլիստը չէ, բայց շատ արագ է, կարողանում է գոլեր խփել, լավ է բացվում մրցակցի պաշտպանության թիկունքում և ունի մի հատկանիշ, որը շատ են գնահատում «Ռեալի» երկրպագուները. նա ակտիվորեն մասնակցում է նաև պաշտպանական գործողություններին։ Նման թիմի համար դա չափազանց կարևոր է»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Դիոմանդեն խաղաժամանակ ստանալու և իրեն դրսևորելու լավ հնարավորություն էր ստացել Լա լիգայում Վինիսիուս Ժունիորի 4-խաղյա որակազրկման ընթացքում։ Անդրադառնալով բրազիլացու մարզավիճակին՝ Ֆիգուն վստահություն է հայտնել, որ անկումը ժամանակավոր է.
«Բոլոր բարձրակարգ խաղացողներն էլ երբեմն մարզական անկում են ապրում, բայց դա չի նշանակում, որ նրանց որակները կորել են։ Վստահ եմ՝ Վինիսիուսը կվերադառնա իր նախկին մակարդակին ու կարգավիճակին և կրկին կդառնա խաղի ելքը վճռող ֆուտբոլիստ»։
Պորտուգալացին առանձնացրել է նաև Արդա Գյուլերի դերը թիմի գրոհների կազմակերպման գործում և գովեստի խոսքեր ուղղել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին.
««Ռեալը» հիմա հիանալի մարզավիճակում է, և դա նաև մարզչի որոշումների արդյունքն է։ Մոուրինյուի կատարած փոփոխությունները թիմին ավելի ամուր են դարձրել թե՛ պրեսինգում, թե՛ պաշտպանությունում։ Երբ թիմը պաշտպանական հավասարակշռություն է գտնում և մրցակցին շատ պահեր չի թույլատրում ստեղծել, պարզ է դառնում, թե ինչու է «Ռեալն» այսպիսի հաջող շրջան անցկացնում»։
Հավելենք, որ 2026/27 մրցաշրջանի վիճակագրությունը նույնպես փաստում է Դիոմանդեի առավելությունը։ Իվուարցի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ (Լա լիգայում՝ 12 խաղ, 3 գոլ, 2 ասիստ, Չեմպիոնների լիգայում՝ 4 խաղ, 1 գոլ, 2 ասիստ)։
Մինչդեռ Վինիսիուս Ժունիորն այս մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով ընդամենը 1 գոլ և 3 գոլային փոխանցում (բոլորը՝ Լա լիգայի 8 խաղում, իսկ Չեմպիոնների լիգայի 4 խաղերում բրազիլացին արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել)։
Հատկանշական է, որ երկու ֆուտբոլիստներն էլ խաղադաշտում անցկացրել են գրեթե հավասար ժամանակ՝ մոտ 890 և 882 րոպե, սակայն Դիոմանդեն արդեն մասնակցել է թիմի 8 գոլերին՝ կրկնակի գերազանցելով բրազիլացու ցուցանիշը (4):



























































