Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» գլխավորել է այն ակումբների վարկանիշային աղյուսակը, որոնց ձեռք բերած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը վերջին հինգ տարում ամենամեծ աճն է գրանցել։ Այս մասին հայտնում է CIES Football Observatory-ն։
Գերմանական ակումբի ցուցանիշը կազմել է 527 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է՝ 526 միլիոն եվրոյով, իսկ լավագույն հնգյակում են նաև ՊՍԺ-ն (490 միլիոն եվրո), «Բենֆիկան» (488 միլիոն եվրո) և «Մանչեսթեր Սիթին» (447 միլիոն եվրո)։
CIES-ի հաշվարկներում հաշվի են առնվել վերջին հինգ տարում ակումբների՝ սեփական ակադեմիաներից դուրս ձեռք բերած ֆուտբոլիստների արժեքի փոփոխությունները։ Վաճառված ֆուտբոլիստների դեպքում համեմատվել են տրանսֆերի դիմաց վճարված և ստացված գումարները, իսկ ակումբում մնացածների պարագայում՝ ձեռքբերման արժեքն ու ներկայիս գնահատված տրանսֆերային արժեքը։
«Այնտրախտի» 527 միլիոն եվրո աճից 293 միլիոնը բաժին է ընկնում արդեն վաճառված ֆուտբոլիստներին, իսկ 234 միլիոնը՝ ներկայումս ակումբում հանդես եկողներին։
Վարկանիշի հակառակ բևեռում է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»՝ մինուս 502 միլիոն եվրո ցուցանիշով։ Եվրոպական ակումբների շարքում ամենամեծ անկումն արձանագրել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ մինուս 405 միլիոն եվրո։



























































