Անգլիական «Էվերթոնի» սեփականատեր ամերիկյան The Friedkin Group կոնսորցիումը դիտարկում է ակումբի վերահսկիչ փաթեթի վաճառքի և նոր ներդրումներ ներգրավելու հնարավորությունը։ Այս մասին լիվերպուլյան ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
«The Friedkin Group-ը դիտարկում է «Էվերթոն» ֆուտբոլային ակումբում նոր ներդրումային տարբերակներ, այդ թվում՝ վերահսկիչ փաթեթի հնարավոր վաճառքը։
Երբ TFG-ն ստանձնեց ակումբի ղեկավարումը, «Էվերթոնը» կանգնած էր լուրջ ֆինանսական անորոշության և խնդիրների առաջ՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս։ Առաջնահերթ նպատակն էր ապահովել կայունություն, ներդրումներ և աջակցություն՝ ակումբի ապագան երաշխավորելու համար, այդ թվում՝ ավարտին հասցնել երկար սպասված նոր մարզադաշտի շինարարությունը մեր նվիրված երկրպագուների համար։
Այժմ, երբ այդ ամուր հիմքն արդեն դրված է, ճիշտ պահն է մտածելու «Էվերթոնի» պատմության հաջորդ գլխի մասին։ Մենք կդիտարկենք միայն այն առաջարկները, որոնք, մեր խորին համոզմամբ, կկարողանան ակումբն առաջ տանել և զարգացնել գրանցված հաջողությունները», — ասված է հայտարարության մեջ։
Ակումբից նաև ընդգծել են, որ գործընթացի ընթացքում TFG-ի առաջնահերթությունները կմնան անփոփոխ․ ընկերությունը կշարունակի բոլոր առումներով աջակցել թիմին՝ խաղադաշտում հաջողությունների հասնելու համար։
Հավելենք, որ The Friedkin Group-ը «Էվերթոնի» ղեկավարումը ստանձնել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ վերջ դնելով նախկին սեփականատեր Ֆարհադ Մոշիրիի ճգնաժամային դարաշրջանին։ Գործարքի կազմակերպման և խորհրդատվության նպատակով TFG-ն ներգրավել է Moelis & Company ընկերությանը։


























































