ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց խմբի ներկայիս առաջատար Չեռնոգորիայի ընտրանու հետ (0-0):
Հանդիպումից հետո տպավորություններով է կիսվել Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը, որը երեկ առաջին անգամ հայր է դարձել։
«Շատ ուրախ եմ երկու առիթներով էլ: Խաղից առաջ զգացումներս միանշանակ շատ լավ էին, ունեի դրական էմոցիաներ, ինչն էլ հավանաբար օգնեց, որ չզգամ հոգնածությունը: Հայր դառնալուս լուրն իմանալուց հետո շատ ուրախացա. վաղուց էի սպասում դրան։ Կարելի է ասել՝ շատ մեծ բեռ ընկավ ուսերիցս: Այդ թեթևությունն անդրադարձավ նաև դաշտում իմ խաղի վրա, շատ օգնեց. ունեի հավելյալ մոտիվացիա»,- նշել է Փիլոյանը:
Խոսելով հանդիպման ընթացքի և դաշտում իր դիրքի փոփոխության մասին՝ պաշտպանը հավելել է.
«Միանշանակ, մենք յուրաքանչյուր խաղի դուրս ենք գալիս հաղթելու նպատակով, բայց գործ ունեինք շատ լուրջ մրցակցի հետ: Նրանք ունեին երկրպագուների կողմից հիանալի աջակցություն, ինչն էլ ավելի հաճելի է դարձնում խաղը: Ունենք մեկ միավոր, որի համար չեմ կարող ասել, թե տխուր եմ, բայց առավելագույնս ուրախ էլ չեմ, քանի որ մեր նպատակը երեք միավորն էր: Այս խաղում ավելի մեծ աշխատանք կատարեցի, ինչը միանշանակ կապված էր դիրքիս հետ: Ես պատրաստ եմ դաշտում յուրաքանչյուր դիրքում խաղալ և՛ ազգային հավաքականում, և՛ ակումբում: Որտեղ մարզիչներն ինձ տեսնեն, այնտեղ էլ պատրաստ եմ խաղալ ու օգնել թիմին»:
Անդրադառնալով հավաքականի ներքին մթնոլորտին ու թիմի կամային որակներին՝ ֆուտբոլիստը եզրափակել է.
«Թիմում մթնոլորտը շատ-շատ լավն է, ինչը, կարծում եմ, դաշտում էլ երևաց: Երկու բացասական արդյունքից հետո նույնիսկ մակարդակով ավելի բարձր թիմերը չէին կարող այսպես վերադառնալ։ Ինձ թվում է՝ մեր չպարտվելու ամենամեծ պատճառներից մեկը հենց այդ մթնոլորտն է»:
Հիշեցնենք, որ այ խաղից հետո Չեռնոգորիայի հավաքականը 10 միավորով շարունակում է գլխավորել C2 խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Ազգերի լիգայի այս խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նոյեմբերին․ մեր ընտրանին Կիպրոսին կընդունի նոյեմբերի 12-ին տանը, իսկ Լատվիայի հետ կմրցի նոյեմբերի 15-ին դրսում։
























































