ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց խմբի ներկայիս առաջատար Չեռնոգորիայի ընտրանու հետ (0-0):
Հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կիսվել է տպավորություններով՝ բարձր գնահատելով իր ֆուտբոլիստների նվիրվածությունը ու կամային որակները:
«Ես շատ հպարտ եմ իմ տղաներով, ցանկանում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ։ Միայն ես գիտեմ, թե թիմն ինչպես է տանջվելով, վնասվածքներով մոտեցել չորրորդ հանդիպմանը։ Մենք շատ բան ենք ապացուցել։ Խաղացողներ կային, որ ցավերով խաղից առաջ դիմում էին ինձ և պատրաստակամություն հայտնում այդ վիճակով խաղալու։ Առաջինը դա անում է մեր թիմի ավագը. արդեն չորրորդ խաղն է, ինչ ցավեր ունի։ Այ դա է լիդերը, դա է թիմի ավագը, կան նաև այլ խաղացողներ ևս, սակայն չեմ ցանկանա առանձնացնել։ Կարգապահություն, նվիրվածություն, բնավորություն. այն որակները, որոնք ցանկանում էի տեսնել հավաքականի խաղում, տեսա։
Կիպրոսի հետ խաղում, այո, չկարողացանք հաղթել, եղան մի քանի անհատական կոպիտ սխալներ, բայց ես ցանկանում էի ապացուցել, որ ազգային հավաքականը սխալի համար չի պատժում, քանի որ սա կոլեկտիվ է, դրա համար և՛ Արսենը, և՛ Կառլենը այս խաղում խաղացին։ Գիտակցում էի, թե ինչ էր սպասվում ինձ, եթե Արսենի մոտ չստացվեր, բայց ես իմ խաղացողներին հավատում եմ և կգնամ ցանկացած ռիսկի, որ ապացուցեմ՝ մեր տղաները լավն են։ Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին, որ երկար ու դժվար ճանապարհ անցնելուց հետո կանգնած էին մեր կողքին։ Այս թիմն ունի ապագա, այս թիմը երիտասարդ է, լավն է։ Պետք է բոլորս հավատանք մեր թիմին ու միասին շարժվենք առաջ»,- նշել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հանդիպման 87-րդ րոպեին տանտերերը մնացին տասը հոգով. Նարեկ Հովհաննիսյանի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ստեֆան Լոնչարը։ Այս տուրից հետո Չեռնոգորիայի հավաքականը 10 միավորով շարունակում է գլխավորել C2 խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Ազգերի լիգայի այս խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նոյեմբերին․ մեր ընտրանին Կիպրոսին կընդունի նոյեմբերի 12-ին տանը, իսկ Լատվիայի հետ կմրցի նոյեմբերի 15-ին դրսում։
























































