Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան մեկնաբանել է ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ 41-ամյա հարձակվողը գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին ժամկետից շուտ լքել էր Պորտուգալիայի հավաքականի ճամբարը։ Ավելի վաղ Կրիշտիանուն մնացել էր պահեստայինների նստարանին Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ Նորվեգիայի դեմ խաղում (2:1)։ Ժեզուշի ասուլիսից և Պեդրու Պրոենսայի հետ զրույցից հետո Ռոնալդուն հեռացել էր հավաքականից Դանիայի հետ 3-րդ տուրի հանդիպումից (4:2) մեկ օր առաջ։ Հետագայում Ժեզուշը հայտարարել էր, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ ցանկանա:
«Կրիշտիանուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա ավելի քան երկու տասնամյակ նվիրել է պորտուգալական ֆուտբոլին և հանդիսանում է մեր ինքնության գլխավոր խորհրդանիշը։ Ազգային թիմում նրա ներկայությունը միանգամայն արդարացված է՝ շնորհիվ իր բացառիկ մարզական տվյալների, և դա անվիճելի է։ Նա միշտ կլինի այս թիմի մի մասը, երբ լավ մարզավիճակում լինի և պատրաստ լինի խաղալու։
Այն, ինչ տեղի է ունեցել նրա և Ժորժե Ժեզուշի միջև, պարզապես թյուրըմբռնում է, որը պետք է կարգավորվի կոլեկտիվի ներսում։ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի կուռքն է և բացառիկ խաղացող։ Նա կարող էր ավարտել կարիերան աշխարհի առաջնությունից հետո, սակայն չարեց դա՝ ազգային հավաքականի հանդեպ ունեցած սիրուց դրդված։ Ես կարող եմ հաստատել այն ամուր կապը, որ նա ունի պորտուգալացի ժողովրդի և մեր հավաքականի հետ։
Այժմ, երբ չորս հանդիպում արդեն անցյալում է, մենք ժամանակ և հնարավորություն ունենք հանգիստ նստելու և հարթելու այս թյուրըմբռնումը։ Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է, և նա միշտ այնտեղ կլինի, երբ մարզիչը ցանկանա նրան տեսնել»,- Պրոենսայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ընտրանին Ազգերի լիգայի իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ ժամկետից շուտ ապահովել է 1/4 եզրափակիչի ուղեգիրը։
























































