Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը կարծում է, որ Խորվաթիայի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (7:0) յուրօրինակ ուղերձ էր ողջ Եվրոպային:
«Անգամ երբ հաշիվը 1:0 էր, մենք գնում էինք երկրորդ, երրորդ և չորրորդ գոլի հետևից, և հենց այդպիսին պետք է լինի մեր մտածելակերպը։
Երբ ունես խաղային հստակ ձեռագիր, չես կարող ընտրել, թե երբ այն կիրառել։ Պետք է լինել անխնա ու երբեք կանգ չառնել։ Խփել ես չորսը՝ ուզում ես հինգերորդը։
Պետք է ունենալ այնպիսի մենթալիտետ, որ միշտ «քաղցած» լինես։ Սա այն է, ինչ մենք պետք է փոխեինք՝ հատկապես կարևոր խաղերում և խոշոր մրցաշարերում. նման հանդիպումները մեզ միայն կօգնեն», — ասել է խաղում դուբլի հեղինակ դարձած Քեյնը։
Ֆուտբոլիստն ընդգծել է նաև մրցակցի կարգը.
«Մենք խաղում էինք շատ լավ թիմի դեմ։ Չի կարելի նման հաղթանակն ընդունել որպես օրինաչափություն, քանի որ հանդիպումը մեզ համար կարող էր շատ բարդ ստացվել։ Սա միշտ էլ լավագույն միջոցն է ազդակ ուղարկելու ոչ միայն ինքներս մեզ, այլև Եվրոպայի մյուս թիմերին։ Կարծում եմ՝ մենք կրկին դա արեցինք։
Մենք «քաղցած» ենք, երիտասարդ թիմ ունենք։ Տղաները հիմա հիանալի մարզավիճակում են, և, ինձ թվում է, բոլորն ուղղակի այրվում են խաղադաշտ դուրս գալու ցանկությունից։ Այսպիսի խաղերը մեզ էլ ավելի են մոտիվացնում»,- Քեյնի խոսքն է մեջբերում ESPN-ը:
Անգլիայի ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 6-ին:
























































