Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում իսկական ֆուտբոլային երեկո է սպասվում։ Տեղի երկրպագուների շրջանում աննախադեպ ոգևորություն է, և «Պոդ Գորիցոմ» մարզադաշտում ազատ տեղեր գրեթե չեն մնացել։
Չեռնոգորական CGSport կայքի փոխանցմամբ՝ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ հոկտեմբերի 5-ին կայանալիք խաղի տոմսերի մեծ մասն արդեն վաճառված է։
«Մարզադաշտը գրեթե ամբողջությամբ լցվելու է։ Արևելյան և արևմտյան տրիբունաների բոլոր տոմսերն արդեն սպառված են։ Հարավային տրիբունայում մնացել է շատ փոքր քանակություն, իսկ ազատ տեղեր գործնականում հասանելի են միայն հյուսիսային տրիբունայի ստորին հատվածում»,- նշել են Չեռնոգորիայի ֆուտբոլային գերատեսչությունից։
Նման աժիոտաժը պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով։ Նախ, Չեռնոգորիայի հավաքականը լավ է մեկնարկել Ազգերի լիգայի նոր խաղարկությունում՝ նախորդ 3 տուրերում վաստակելով առավելագույն 9 միավոր։ Տեղացի երկրպագուները շտապում են մարզադաշտ՝ ականատեսը լինելու իրենց թիմի հնարավոր 4-րդ անընդմեջ հաղթանակին։
Երկրորդ կարևոր գործոնը տոմսերի բավականին մատչելի արժեքն է, ինչն էլ ավելի է խթանել վաճառքը։ Դրանց գները տատանվում են 5-ից 12 եվրոյի սահմաններում։ Ամենաէժան տոմսերը նախատեսված են ֆանատային (հյուսիսային և հարավային) տրիբունաների համար (5 եվրո), իսկ կենտրոնական և առավել հարմարավետ հատվածների արժեքը չի գերազանցում 12 եվրոն։
Այսպիսով, երկուշաբթի օրը կայանալիք հանդիպումը մեր ընտրանու համար բարդ է լինելու ոչ միայն մրցաշարային աղյուսակի, այլև տրիբունաներից եկող հոգեբանական ահռելի ճնշման և աղմկոտ մթնոլորտի տեսանկյունից։
























































